2016.06.07,

Նյուսրում

Վրաստան. Հեռարձակման թվայնացման պատմությունը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

2016 թ. մայիսի 10-14-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Անցում թվային հեռարձակման․ Վրաստանի փորձը» ճանաչողական այցելություն։ Վրաստան այս այցին մասնակցելու էին հրավիրվել Հայաստանի մարզային հեռուստաընկերությունների, Ազգային ժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի, ինչպես նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները։

Կազմակերպիչների նպատակն էր մասնագետներին ծանոթացնել հարևան երկրի հեռարձակման թվայնացման փորձին՝ հաշվի առնելով շուկաների, աշխարհագրության, տնտեսական իրավիճակի նմանությունը։ Բազմաթիվ հանդիպումներ կայացան ոլորտի պատասխանատուների, մասնագիտական հասարակական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։

Այցի ընթացքում հին հարցերի պատասխաններ հնչեցին, նոր հարցեր ծագեցին, ինչպես նաև ծնվեց հոդվածների այս շարքը, որը մոտակա շաբաթների ընթացքում կներկայացնի media.am-ը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի ռեգիոնալ հեռարձակողների ասոցիացիայի (GARB) գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլիին՝ շրջայցի ընթացքում խմբին աջակցելու համար:


Անալոգային հեռարձակումը Վրաստանում անջատվեց 2015 թվականին: Ամռան երկու ամիսների ընթացքում երկիրն անցավ թվային եթերի: Թվայնացումը Վրաստանի համար ապահովեց ոչ միայն տեխնիկապես բարձրորակ հեռուստահաղորդումներ, այլև հեռուստաշուկայի բազմազանացում ապագայում: Հանրապետական և մարզային մասնավոր մուլտիպլեքսները նոր հեռուստաընկերությունների ստեղծման հնարավորություն տվեցին։

Նախկինում 3 հեռուստաալիքների փոխարեն այսօր հանրապետական սփռում ունեն արդեն 20-ը:

Թվային հեռարձակման անցնելը Վրաստանը սկսել էր 2012 թվականին, սակայն միայն անցյալ տարի երկրում թափ առան թվային ցանցի կառուցման աշխատանքները: Ու թեև 2015-ի հունիսի 17-ին՝ անալոգային ազդանշանի անջատման վերջնաժամկետի օրը, հեռարձակման ենթակառուցվածքն ամբողջությամբ պատրաստ էր, երկրում հեռարձակումը դեռ մեկ ամսից ավելի շարունակվեց անալոգով: Պատճառը Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղն էր:

«Անալոգային ազդանշանի անջատումն իրականացրինք հեռարձակման գոտիներով. սկսեցինք Թբիլիսիից և 10 օրը մեկ նոր ռեգիոն ավելացրինք՝ գործընթացն ամբողջությամբ ավարտելով օգոստոսի 25-ին»,- պատմում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն վարչության պետի տեղակալ Ջեմալ Վաշակիձեն:

Հանդիպում Ջեմալ Վաշակիձեի հետ

Հեռուստադաշտի ազատականացում

Թվայնացման գործընթացում Վրաստանը գնացել է պետական և մասնավոր ցանցերի սինթեզման ուղիով: Այսօր երկիրն ունի հանրապետական սփռման 7 մուլտիպլեքսի հնարավորություն, որից շահագործվում է դեռևս 3-ը՝ 1 պետական և 2 մասնավոր:

Մուլտիպլեքս օպերատորներ են դարձել նաև ռեգիոնալ 21 հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակման հաճախությունների լիցենզիան ստացել են անվճար: Բացի սեփական հաղորդումները հեռարձակելուց՝ նրանք կարող են իրենց ցանցով եթերի հնարավորություն տրամադրել նաև այլ հեռուստաընկերությունների:

«Ժողովրդավարության սկզբունքների պահանջն էր թույլ տալ այդքան մուլտիպլեքս օպերատորներ ունենալ: Մենք վստահ ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Պետությունը չպետք է որևէ լծակ ունենա, որը կկարողանա օգտագործել իրեն դուր չեկող հեռարձակողի դեմ: Այդ պատճառով մենք մասնավոր մուլտիպլեքսների գոյության հնարավորություն ենք տվել»,- ասում է Վաշակիձեն:

Ջեմալ ՎաշակիձեՆրա կարծիքով` մուլտիպլեքսներ և բազմաթիվ հեռուստաընկերություններ ունենալու հնարավորությունը կարող է բարձրացնել հաղորդումների որակը, քանի որ ազատ մրցակցային դաշտ է ստեղծվում հեռարձակողների համար:

Թվային հեռարձակման անցնելու ճանապարհին Վրաստանում որևէ հեռուստաընկերություն չզրկվեց եթերի հնարավորությունից: Անալոգային բոլոր հեռարձակողները շարունակեցին աշխատանքը թվային ցանցում: Ավելին՝ նրանց վերադարձվեց նախկինում 10 տարով անալոգային հեռարձակման լիցենզիայի դիմաց վճարված գումարի չօգտագործված ժամկետին համապատասխանող մասը: Այդ գումարը կայաններից շատերը ծախսեցին տեխնիկական վերազինման համար:

Օրենսդրական հեղափոխություն

Փաստացի ստացվում է, որ Վրաստանում հեռուստաընկերությունների համար լիցենզիա այլևս հարկավոր չէ: Լիցենզավորման կարիք ունեն միայն մուլտիպլեքս օպերատորները, այսինքն՝ միայն ազդանշանը տեխնիկապես տարածողները: Սա գրեթե հեղափոխական քայլ էր: Այս ազատականացումն ամրագրվել է օրենսդրական փոփոխությամբ, որի համաձայն` հեռարձակողներն անցնում են հավաստագրման (ավտորիզացիա) ընթացակարգ։

Գոյություն ունեցող ենթակառուցվածքը նոր հեռուստատեսային բովանդակություն ստեղծողներին թույլ է տալիս անարգել հեռարձակվել թվային ցանցով. յուրաքանչյուր մուլտիպլեքսով եթերի հնարավորություն կարող է ունենալ SD (ստանդարտ որակի) 15, իսկ HD (բարձր որակի)` 4-6 հեռուստաալիք: Մուլտիպլեքսը, օրենքի համաձայն, իրավունք չունի կամայականորեն եթեր չտրամադրելու որևէ հեռուստաալիքի՝ ցանցում հնարավորություն ունենալու դեպքում:    

Մուլտիպլեքս օպերատորներին լիցենզիա տրամադրող մարմինը՝ Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովը, նախապատվությունը տալիս է այն օպերատորին, որը հայտ ներկայացնելիս սահմանում է եթերի ամենացածր գինը:

«Կարծում եմ` մեդիայի բազմակարծության ապահովման առումով հասել ենք մեր նպատակին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հավելյալ հաճախությունների մրցույթ հայտարարել` նոր մուլտիպլեքսներ ստեղծելու համար»,- ասում է Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովի նախագահ Վախթանգ Աբաշիձեն:

Հանդիպում Վախթանգ Աբաշիձեի հետ

Հաջողության նախադրյալները

Էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղվծել էր ժամանակավոր մի կառույց՝ Թվային հեռարձակման գործակալությունը, որը ղեկավարում էր թվայնացման հետ կապված աշխատանքները: Հեռարձակման ենթակառուցվածքը թվայինի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով պետական Հեռուստառադիո կենտրոնը համակարգելուց և վերահսկելուց բացի՝ գործակալությունը թվային կցուրդներ էր բաժանում սոցիալապես անապահով ընտանիքներին և իրականացնում էր տեղեկատվական արշավը:

Շուրջօրյա թեժ գծերը տեղեկատվություն էին տրամադրում թվային կցուրդների, դրանց վաճառքի կետերի, հեռուստացույցին կցելու մասին:

Բնակչությանը տեղեկացնելու գործին միացել էին նաև հասարակական կազմակերպությունները:

Քաղաքացիական հասարակության (մասնավորապես՝ IDFI և GARB կազմակերպությունների) և կառավարության ներկայացուցիչները հանդիպում էին նաև գյուղապետերի, համայնքապետերի, քաղաքապետերի հետ՝ բացատրելով թվային անցման հետ կապված փոփոխությունները, կցուրդների միացման և շահագործման հետ կապված անհրաժեշտ քայլերը:

Տարբեր հաշվարկներով՝ անվճար թվային կցուրդներ են բաժանվել սոցիալապես անապահով մոտ 220.000 ընտանիքի՝ Վրաստանի բնակչության մոտ 40%-ին:

Թվայնացումը Վրաստանում թիմային աշխատանք էր. գործընթացում ներգրավված կողմերը՝ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային կազմակերպությունները ոչ միայն բանավիճում էին և ոչ միշտ անմիջապես համաձայնության գալիս, այլև միասին ռազմավարություն ու օրենքներ էին մշակում, ինչպես նաև իրականացնում էին անալոգայինից թվային անցման հսկողությունը:

Սրա համար դրական նախադրյալներ էին ստեղծվել երկրում. իշխանությունը փոխվել էր, և նոր կառավարությունը «մեղրամսի» շրջանում պատրաստ էր բարեփոխումներ իրականացնել և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ: Կարևոր է նշել, որ թվայնացմանը ֆինանսապես աջակցում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD):

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) փորձագետների գնահատականով՝ թվային հեռարձակման անցումը Վրաստանում հաջողվել է. այն ապահովում է մեդիայի ազատությունը, բազմազանությունը և շուկայում նոր խաղացողների առաջացման հնարավորություն է տալիս:

(Շարունակելի…)

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *