2015.09.19,

Քննադատ

Հայկական մեդիայի առեղծվածները. 1. Քրեանոմիկայի սպասարկումը

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Զարգացած երկրների մեդիան բնորոշվում է ոչ միայն քաղաքականության, հանրային կյանքի, մշակույթի, այլեւ տնտեսության լիարժեք լուսաբանմամբ։

«Բոլորի աչքերն ուղղված են Դաշնային հանձնաժողովի նախագահ Ժանեթ Ելինին». սա «Գարդիան»-ի սեպտեմբերի 16-ի վերնագրերից է։ Ահա նաեւ մի մեջբերում հոդվածից։

«Բաց շուկաների դաշնային հանձնաժողովի նախագահ Ժանեթ Ելինն իր որոշումը կհայտարարի խիստ սպասված մամուլի ասուլիսին` հինգշաբթի օրը, Վաշինգթոնում։ Նույնիսկ եթե տոկոսադրույքը չբարձրանա, յուրաքանչյուր բառ, որ նա կասի, և թե ինչպես այն կարտացոլի հանձնաժողովի վստահությունը ԱՄՆ տնտեսության հանդեպ, կարող է զգալի շարժում առաջացնել համաշխարհային շուկաներում»։

Ասուլիսը Վաշինգթոնի ժամանակով 14։00-ին է, երբ Երևանում երեկոյան տասն է։ Ամբողջ աշխարհը քննարկում է, թե ինչ որոշում է հրապարակվելու այդ ժամին։ «Ուոլ սթրիթ ջորնալ»-ը եւ «Ֆայնենշըլ թայմս»-ը, որոնք բուն տնտեսական պարբերականներ են, բնականաբար, «Գարդիան»-ից ավելի ծավալուն են անդրադարձել հրատապ թեմային. կփոփոխվի՞, թե՞ ոչ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը նվազագույն՝ 0,25% է կազմում 2008 թ. տնտեսական ճգնաժամից ի վեր, և ամերիկյան տնտեսության կազդուրման ու նոր բարձր ցուցանիշների ձեռքբերման կարևոր գործիքներից մեկն է եղել։  

Իսկ ասուլիսից հետո էլ նրանք քննարկելու են Ելինի «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱՌԸ»։ Փորձագետները կանխագուշակում են, որ տոկոսադրույքի փոփոխությունը ոչ միայն ցնցումներ կառաջացնի համաշխարհային շուկաներում, այլեւ կարող է նոր տնտեսական ճգնաժամի սկիզբ դնել…

Երեւի հասկանալի է. ես ապարդյուն փնտրեցի այս իրադարձության որեւէ արձագանք հայկական մեդիայում։

Եվ հիշեցի նախկին վարչապետ` կրթությամբ տնտեսագետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը 2008 թվականին, թե միջազգային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդելու։ Այն ժամանակ ես պատրաստ էի նույնիսկ խուճապային տրամադրությունները փարատելու միջոց համարել այդ անփառունակ կանխագուշակումը, եթե երկիրը, ցավոք, աշխարհում ամենամեծ տնտեսական անկումներից մեկը չարձանագրեր, որի հետեւանքը ահռելի արտագաղթն էր։

«Ջաղացը կորցրել, չախչախի հետեւից ես ընկել». կարող են ինձ ժողովրդական բառուբանով առարկել շատ ընթերցողներ՝ նկատի ունենալով Հայաստանի այսօրվա սոցիալ-քաղաքական անմխիթար վիճակը։ Այո, և կարող են զորեղ փաստարկներ բերել։

Չափազանցություն է ասել նույնիսկ, որ Հայաստանում էկոնոմիկա կա, կա քրեանոմիկա, որտեղ եկամտաբեր բիզնեսները բաշխվում են իշխանության կլանային քվոտաների միջոցով, ավելին` հաճախ հենց քրեական հեղինակություններն են որոշում այս կամ այն խոշոր բիզնեսի բախտը, իսկ պետբյուջեի թթվածինը Ռուսաստանից եկող տրանսֆերտներն են, որտեղ նույն դրությունն է։

Մեր մեդիան էլ, ահա, սպասարկում է քրեանոմիկան, այդ թվում նաեւ՝ բարեխղճորեն տարածելով ասեկոսները, թե Տույ կամ Պզո մականունով մարդիկ ինչպես ազդեցին հարցերի լուծման վրա (անունների ընտրությունը պատահական է` ըստ վերջերս մեդիայում առավել ակտիվ շրջանառության. թող չնեղանան, եթե իրենք ազդեցություն չունեն, կամ ազդեցություն ունեցողները, ում չեմ նշել)։

Մինչդեռ ես կարծում եմ, որ տնտեսության միջոցով քաղաքականության բարեփոխումը նույնպես բավական արդյունավետ եղանակ է, ինչպես ցույց են տվել Չիլիի եւ Սինգապուրի քրեստոմատիական օրինակները, եւ մեդիան, տվյալ դեպքում, նախեւառաջ, իհարկե, տնտեսական մեդիան, էական դեր կարող է խաղալ այդ գործում։

Ցավոք, Հայաստանում տնտեսական մեդիա չկա կամ գրեթե չկա, իսկ սակավաթիվ մասնագիտական խորագրերը եւ մյուս՝ «լայն ընդգրկման» լրատվամիջոցները չեն արձագանքում նույնիսկ համաշխարհային նշանակության նորություններին, եթե դրանք սկուտեղի վրա մատուցված չեն միջազգային գործակալությունների լրահոսում։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *