2016.06.16,

vox populi

«Հեռուստաալիքները հիմնականում ձախ ձեռքով են անում իրենց գործը»

Ես այդպես էլ չկարողացա հարմարվել ինտերնետային լրատվամիջոցներին, համակարգիչն էլ շատ չեմ օգտագործում: Ես կայի ու հիմա էլ մնում եմ հեռուստատեսային մարդ: Այդ առումով շատ «հին» եմ:

Հեռուստացույցով դիտում եմ ամեն ինչ: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես են իրար վրա փոխազդում իրականությունն ու հեռուստաէկրանը:

Առաջինը՝ մեր հեռուստատեսությունը ցավալիորեն, իսկ որոշ դեպքերում՝ խայտառակ կերպով, գավառային է: Այն պահից, երբ գործածության մեջ մտավ «ռեյթինգ» ախմախ բառը, շատ բան կորավ:

Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են ալիքներն իրար հետ մրցում ռեյթինգի համար: Եթե ամեն ալիք իր ձեռագիրն ունենա, դիտողներն իրենք կորոշեն, թե ո՛ր ալիքի ձեռագիրն են նախընտրում:

Թե չէ ստացվում է, որ բոլոր ալիքներն ուզում են իրար նմանվել: Եվ ռեյթինգավազքի պատճառով ավելի է ծաղկում գավառամտությունը:

Շատ բան հեռուստատեսությունում արվում է ձախ ձեռքով, իմիջիայլոց: 1990-ականներին հեռուստատեսությունը փող չուներ, բայց փոխարենն ուներ մեծ ոգևորություն, և եթե կարելի է այսպես ասել՝ ոգի: Մտնում էիր շենք ու զգում, որ եկել ես հեռուստատեսություն: Իսկ հիմա շենքում այնպիսի մարդկանց կտեսնես, որոնք հեռուստատեսության հետ ոչ մի կապ չունեն, բայց աշխատում են այդտեղ:

Ճիշտն ասած, դա ինձ «սպանում» է: Նախկինում հաճախ էի գնում հեռուստատեսություն: 12 տարի հանրային հեռուստատեսության խորհդի անդամ էի:

Ժամանակին ասում էին, որ ես երաժշտական «սև ցուցակներ» ունեմ ու որոշում եմ, թե ում կարելի է եթերում ցույց տալ, իսկ ում՝ ոչ: Իրականում այդպիսի ցուցակ չկար, ընդամենը ճաշակի ընտրություն էր:

Եվ հիմա էլ կարծում եմ, որ գոնե ճաշակի հարցում պետք է բռնակալ լինել, որովհետև արվեստը և հատկապես երգավեստը, այնքան բարձիթողի վիճակում են, որ արդեն սարսափելի է: Աշխատում է միայն փողի գործոնը: Փող ունեցող երգիչը վճարում է, որ իր երգերը «պտտվեն» եթերում: Իսկ նա, ով փող չունի, տեղ էլ չի գտնում հեռուստացանցում:

Երաժշտության այն տեսակը, որը հիմա եթերում է, անգամ ռաբիզն էլ չէ (ռաբիզն, ամեն դեպքում, կոնկրետ է), սա ավելի շուտ անհասկանալի կատարողների (երկարաոտք աղջիկների ու երկարամազ տղաների) անհասկանալի երգերի շարան է, որը գրվում է բացառապես համակարգչով:

Եվ այդ երգերն ու տեսահոլովակները թափվում են հեռուստատեսության գլխին աղետի պես: Ուզում եմ հարցնել ալիքների ղեկավարներին՝ բա հետո ի՞նչ եք անելու, երբ ձեզ «հաջողվի» համոզել հաջորդ սերնդին, որ ճիշտը դա է:

Ես իմ մոտավոր հաշվարկն եմ արել. հեռուստատեսությամբ հեռարձակվող երաժշտության 80%-ը աղբ է:

Իհարկե, խնդիրը միայն երգիչները չեն: Հեռուսատեսությունում շատ են հակասանիտարական դեմքերը: Այդպես ես անվանում եմ հաղորդավարներին ու լրագրողներին, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչու են կադրում:

Բոլոր ալիքների համար պարտադիր է համարվում լուրերի թողարկումներ ունենալը: Եվ ոչ ոք չի հարցնում, թե ինչու՞: Ինձ համար կարևոր չէ, թե այս կամ այն լուրը որ ալիքով եմ լսում, դրանք մեծ մասամբ նույնն են:

Հատկապես ուշադիր հետևում եմ Ղարաբաղից ստացվող լուրերին՝ փորձելով համեմատել իմ ունեցած տեղեկությունների հետ: Որպես կանոն՝ դրանք նույնը չեն: Այսինքն՝ այն, ինչը ես տեսնում եմ առաջնագծում, կամ այն, ինչը պատմում են իմ հարազատներն ու ընկերները, հեռուստատեսությամբ չեմ տեսնում:

Իհարկե, լուրեր նայելը պետք է, բայց ոչ այնքան տեղեկանալու, որքան համեմատելու համար: Համենայնդեպս, Ղարաբաղից ստացվող լուրերի դեպքում հաստատ այդպես է:

Պետք է գնալ, սեփական աչքով տեսնել, հետո լսել, թե ինչպես է իրավիճակը ներկայացվում հեռուստացույցով: Ճիշտը դա է: Եվ իմ ասածի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Այդպես է…

Ես դիտում եմ ամեն ինչ, նաև՝ սերիալները: Հետաքրքիր է, թե ինչպիսի մարդկային կերպարներ են հայտնվում սերիալներում ու ինչ են ուզում ասել հեռուստադիտողին: Եվ շատ տխուր եզրակացության եմ հանգում. մենք ջանում ենք ցույց տալ մեզ ավելի վատը, քան կանք:

Եթե ընդունում ենք, որ հեռուսատեսությունը ուժ է, ուրեմն այն մեզ ուժով վստահեցնում է, որ տղան տղա չէ, աղջիկը աղջիկ չէ, ընտանիքը ընտանիք չէ, օրենքը օրենք չէ, կյանքը կյանք չէ: Ցույց ենք տալիս այլանդակ ընտանիքներ, որոնք մտնում են մեր բնակարաններն ու համոզում, որ ճիշտը հենց այդ ընտանիքներն են:

Կա մի անորակ ու վանող մարդկային տեսակ, որը սերիալների սցենարիստները խոթում են սյուժեի մեջ՝ վստահեցնելով մեզ, որ հեռուստատեսությունն ու ազգը նույնն են:

Երբեմն նայում ես հերոսներին ու վատանում: Իսկապես կա՛մ պիտի վատանաս, կա՛մ ծիծաղես: Ուզում եմ շատ պրիմիտիվ, բայց դիպուկ օրինակներ բերել: Սերիալների հերոսուհիների հիմնական մտահոգությունը սա է՝ որտեղի՞ց գնել հագուստ հարսանիք գնալու համար…

Իսկ հերոսները անընդհատ զբաղված են վիճելով, թե ո՞վ է իսկական տղամարդը: Իրենց պատկերացմամբ՝ դրա համար պետք է մեծ մեքենաներ ունենալ, «տղամարդավարի», այսինքն՝ ժարգոնով, կոպիտ ու բարձր խոսել:

Այսինքն՝ այն կերպարները, որոնք կարող ես տեսնել փողոցում, առանց որևէ փոփոխության (գումարվում է միայն գրիմը), հայտնվում են էկրանին: Եվ եթե դրանք որոշ ժամանակ առաջ փոքրամասնություն էին, ապա հիմա, հեռուստատեսության շնորհիվ, դարձել են գերիշխող: Հեռուստատեսությունը կյանքից վերցնում է որոշ դրվագներ ու կերպարներ ու հենց դրանք էլ թելադրում է մեզ:

Եվ հարցն այն է, թե ինչ է վերցնում: Հիմնականում վերցնում է ցածրագույնը: «Առաջնորդները» սերիալ կա, որտեղ խաղում են զիլ դերասաններ, բայց նյութը լրիվ խայտառակություն է: Ասենք՝ ընտանիքի անդամներն իրար ծեծում են, տեղի է ունենում մարդասպանություն, բայց ոչ ոք չի պատժվում: Մեզ ցույց են տալիս, որ կյանքը հիմնված է խարդախության, իրար խաբելու ու «փչացնելու» վրա: Եվ դիտողը ընտելանում է, որ այդպես կարող է լինել:

Ավելին՝ հենց այդպես է:

Անպատժելիության գաղափարը մտել է հեռուստատեսություն:

Հասկանալի է, որ շատ դերասաններ հացի խնդիր են լուծում, բայց այդպիսով ոչ միայն ջնջվում է նախկինում եղած իրենց վաստակը, այլև ամրապնդվում են այլանդակ հերոսները, որոնք ամեն օր զվարճանում են սաունաներում, զբաղված են ուտել-խմելով ու իրար «գցելով»: Ի՞նչ են դրանով սովորեցնում:

Վստահ եմ, որ, եթե ալիքներն ուզեն, կարող են լավ սերիալներ պատրաստել: Հանրային հեռուստատեսությունն, օրինակ, սերիալներ նկարահանեց ոստիկանության և բժիշկների մասին (այսինքն՝ աշխատող ու դրական հերոսներով), բայց կարծում եմ՝ դրանք հաջողություն չունեցան:

Հիմա հայտնվել են սիթքոմներ, որոնք հիմնված են ամերիկյան հումորի վրա (բավականին տափակ, ասեմ ձեզ): Բայց դա այն ձեռագիրն է, որը, ամեն դեպքում, կոկիկ ու գեղեցիկ է: Այո, դա հայկական հումոր չէ, բայց տհաճություն չի պատճառում:

Տարբեր հաղորդումների հյուրերի ընտրությունը նույնպես վկայում է ալիքների ձեռագրի մասին: Կա մի հաղորդում, որը սիրում եմ: Տարբեր մարդիկ խոսում են իրենց մասնագիտությունների մասին, իսկ երիտասարդ լսարանը հարցեր է տալիս: Խելացի, լավ հաղորդում է:

Եթե գիտես՝ ում ես կանչում, ուրեմն պիտի կարողանաս նրան ճիշտ ներկայացնել, այլ ոչ թե, ասենք, կես ժամ գովաբանես նրա նոր տեսահոլովակը կամ նեղ անձնական ու գավառի ակումբ հիշեցնող զրույց վարես: Երբեմն հյուրին այնպես են ներկայացնում, կարծես թաղում է, իսկ հյուրը՝ թաղման ծաղկեպսակ է:

Ես ձայնի մարդ եմ, և եթե լրագրողն ու հաղորդավարը էկրանին նորմալ ձայնով չեն խոսում, արդեն չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչ են ասում: Շատերին չեն սովորեցնում լսել եթերում, դադարներ պահել:

Հասկացանք, որ 21-րդ դարը արագության դար է, բայց միտքը տեղ է հասնում դանդաղ խոսքի դեպքում: Այդպես է ինֆորմացիան արժանահավատ դառնում, իսկ խոսողը՝ արժանապատիվ: Արագ կարդալով լուրերը՝ նույնիսկ ամենակարևոր ինֆորմացիան լղոզվում է ու դառնում ծամոն: Միգուցե դա հատուկ է արվում, բայց ավելի շուտ՝ աշխատում է կլիպային ֆորմատի մոդան:

Մտածող մարդ չեմ տեսնում հեռուսատեսությունում: Այսինքն՝ վերլուծող, չնմանվող, հավակնություններից ազատ, խելացի: Կարծես հիմա ավելի շատ մտածում են սիրուն դեկորացիայի սարքելու, այլ ոչ թե ասելու բան ունենալու մասին: Առաջնայինը կահույքն է՝ իր բոլոր դրսևորումներով:

Դատարկությունը չի ստացվի փակել ո՛չ բարձր շենքերով, ո՛չ շքեղ կահույքով, ո՛չ էլ շատախոսությամբ:

Ուզում եմ բոլոր հաղորդավարներին հիշեցնել, որ տեղ է հասնում զուսպ, անգամ «ժլատ» խոսքը: Այն խոսքը, որն ինքն իրենից առաջ չի վազում ու ազատ է ավելորդություններից: Այդ դեպքում լսողը մտածում է ու անգամ «տեսնում» է այդ խոսքը: Բայց դա դաստիարակության արդյունք է: Ի վերջո, շատ բան կախված է ֆորմատից՝ հագուստից, խոսելաոճից, անգամ սանրվածքից ու նստելու ձևից: Մարդը էկրանին պետք է արժանապատիվ լինի, այլ ոչ թե, ասենք, չկարողանա լուրերը «սուֆլյուրով» կարդալ, քանի որ հարդարված մազափունջը փակում է նրա տեսադաշտը:

Ես շատ չեմ քայլում քաղաքում, բայց երբ դուրս եմ գալիս զբոսանքի, համոզվում եմ, որ մարդիկ սովոր չեն միմյանց հարգելու, դիստանցիա պահպանելու: Կարող են գալ, մտնել քո անձնական տարածք՝ ախպեր ջան, ո՞նց ես, ասելով: Կարծես դիմացինի կյանքի մեջ քիթը խոթելը նորմալ երևույթ է: Վստահ եմ, որ դա նաև սերիալների արդյունքն է: Քաղաքը դադարել է հարմարավետ լինել, քանի որ խախտվել է հանրայինի ու մասնավորի սահմանագիծը:

Հիմա աշխատելով Երգի թատրոնի ստուդիայի աշակերտների հետ՝ մտածում եմ, որ 200 երեխաներից երգիչ կդառնան միգուցե 6-ը, բայց գոնե մնացածը կսովերեն իրենց ճիշտ պահել, իսկ երեկոյան էլ՝ մաքրել ատամները: Եվ ընդհանրապես անել այն պարզագույն, բայց հիմնական քայլերը, որոնք կազմավորում են դաստիարակված մարդ: Էլի կրկնեմ այդ բառը՝ արժանապատիվ մարդ:

Արթուր Գրիգորյան
Կոմպոզիտոր
Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *