«Մենք ընդամենը թիկունք ենք ու ասում ենք՝ մենք ձեր իրավունքների կողքին ենք»

30.03.2017, vox populi

Հայաստանի մասին տեղեկություն միշտ եմ փնտրում, հիմնականում կարդում եմ այն լուրերը, որոնք ուղարկում են իմ ծանոթները, բարեկամները, ընկերները:

Ընդհանրապես փորձում եմ հետևել ոչ թե իշխանության կամ կառավարության մեդիային, այլ «Սիվիլնեթի», «Ազատության» կամ «Հետքի» նյութերին, նաև կարդում եմ մեր սփյուռքի թերթերը, որտեղ թեև ոչ միշտ են հայտնվում  Հայաստանի նորությունները կամ պատահարները:

Հիմա կարծես այնպես է, որ եթե չհետաքրքրվենք սոցիալական կամ ալտերնատիվ մեդիայում տեղ գտած լուրերով, ընդհանրապես չենք հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նորությունները կամ կիսով չափ են հասնում սփյուռք կամ միակողմանի տեսքով: Կամ էլ, դժբախտաբար, երկուսն էլ միաժամանակ:

Հայկական մեդիայի ակնհայտ խնդիրներից մեկն այն է, որ պետք է պատրաստակամություն ունենալ պրպտելու, բաղդատելու, հետևություններ ու վերլուծություններ անելու համար: Հակառակ դեպքում, չես հասկանա, թե ինչ է պատահել իրականում, որն է ճիշտը, իսկ որը՝ ոչ: Իրականում, դա շատ բարդ է, քանի որ պետք է այդ գործին բավարար ժամանակ տրամադրել և հասկանալ, որ այսօր ամեն բան շատ արագ է փոփոխվում:

Կուզեի չմոռանանք, որ սոցիալական մեդիայի միջոցով շատ նյութեր կարող են նաև վերածվել բամբասանքի: Եվ ամեն հայ, որը հետևում է Հայաստանի իրողությանը, պետք է անշուշտ ընդունի, որ կարևորը ոչ միայն լուրը արագ ստանալն է, այլև լուրի որակին վստահելը:

Իհարկե, ողջ աշխարհում էլ հիմա առաջնային խնդիր է լուրերի ստուգումը, սուտը ճշտից զանազանելը, մանիպուլյացիաների օգտագործումը տեսնելը: Միջազգային մեդիան այսօր բարդ իրավիճակում է:

Աշխարհի ուշադրությունը սովորաբար ուղղված է մեծ երկներում կատարվող դեպքերի վրա (դրանք են ընթերցվում ու տարածվում), Հայաստանի պարագայում շատ քիչ է այն ինֆորմացիան, որը դուրս է գալիս երկրի սահմաններից:

Օրինակ, աշխարհում գրեթե ոչ ոք չիմացավ, որ Հայաստանում պատահեցին «Սասնա ծռերի» այդչափ լուրջ դեպքերը: Եվ երբ ես այդ օրերին ձերբակալվեցի, հետո ազատ արձակվեցի, այդ լուրը հասավ մի քանի լուրջ կազմակերպությունների: Օրինակ, Human Rigths Watch-ին, որին նամակ ուղարկեցի: Ի վերջո, ես Կանադայի հպատակ եմ, և իմ ձերբակալության, հետևաբար նաև «Սասնա ծռերի» դեպքերի ու ոստիկանության բարբարոսական կեցվածքի մասին լուրը տեղ գտավ և՛ «Washington Post»-ում, և՛ ֆրանսիական «Le Monde»-ում:

Եվ այդպես տեղեկությունը որոշ չափով տարածվեց ու անդրադարձ գտավ: Զգացվում էր, որ ոչ միայն աշխարհը տեղյակ չէր, թե ինչ է կատարվում Հայաստանում, այլև սփյուռքը չուներ բավարար տեղեկություն, որովհետև սփյուռքի մեդիան չէր փափագել, մտահոգվել կամ ցանկացել ավելի շատ տեղեկություն փորփրել: Չգիտեմ, միգուցե նաև չէին ցանկացել բորբոքել սփյուռքահայերին: Կամ էլ չէին հասկացել, թե ինչպես պետք է մատուցել նման անհասկանալի արարքները:

Բայց ամեն դեպքում, պետք էր տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Կարծում եմ՝ այդ օրերի մեդիայի լռությունը նաև գրաքննության արդյունք էր:

Բայց անկախ դրանից, բոլորիս պարզ է, որ աշխարհը Հայաստանով հետաքրքրված չէ: Սովորաբար հետաքրքրվում են մեկ-երկու երկրներ, որոնք Հայաստանում իրենց շահերն ունեն, իսկ մյուս երկրների համար Հայաստանը գոյություն չունի, և շատերի համար Հայաստանի մասին տեղեկություն հավաքելը հավասարազոր է ժամանակի կորստի: Հայաստանը տեղ չի գրավում ամերիկյան ու եվրոպական մամուլի էջերում, եկեք չխաբենք ինքներս մեզ:

Իմ, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանգյանի համար մեծ պարտականություն, նաև անձնական որոշում է ոչ միայն Հայաստանի դեպքերին հետևելը, նաև մեր ներուժի չափով աջակցելը: Մենք մեր կապը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում ենք հիմա զգում: Եվ ոչ միայն մշակութային իրադարձություններին մեր մասնակցությամբ, այլև լայն իմաստով՝ Հայաստանի ապագայի մասին մտահոգ լինելով:

Կարծում եմ՝ մենք իրավունք ունենք խոսելու հայաստանցիների իրավունքների և տեղի ունեցող անօրինությունների մասին: Այդ պատճառով էլ՝ մեր մասնակցությունն ենք բերում ապրիլի 2-ին տեղի ունեցող ընտրություններին որպես դիտորդներ:

Հայտնի է, թե որքան սիրված է Սերժ Թանգյանը հայաստանցիների կողմից, բայց դա միայն իր արվեստի շնորհիվ չէ, այլև այն բանի, որ նա տարիներ շարունակ պայքարում է հանուն թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության:

Ատոմը, Սերժը ու ես ցանկացանք Հայաստանի համար այսչափ կարևոր ընտրություններին մասնակցել որպես դիտորդներ: Հասկանալի, որ մենք չենք կարող մեր ձայնը հնչեցնել առանց ժողովրդի մասնակցության, բայց կարող ենք օգտակար լինել մեր կեցվածքով ու մեր աջակցությամբ:

Եվ եթե փոփոխություն եք ուզում, ինքներդ պետք է որոշեք՝ երբ, ինչ ձևով և ինչ միջոցներով հասնել այդ նպատակին: Մենք ընդամենը թիկունք ենք ու ասում ենք՝ մենք ձեր իրավունքների կողքին ենք:

Եթե որևէ խախտումների ականատես լինենք, կկարողանանք ավելի ազատորեն հայտնել դրանց մասին: Իհարկե, մենք միամիտ չենք, բայց այն օրը, երբ «Թրասփերենսի ինթերնեշընըլը» հայտնի արդյունքների մասին, ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպիսին էին այդ ընտրությունները՝ արդա՞ր, թափանցի՞կ, ազա՞տ, թե՞ հարկավոր է արտահայտել բողոքի ձայնը:

Մենք Հայաստանի քաղաքացի չենք ու չենք կարող մեր քվեն տալ տարբեր քաղաքական ուժերին, բայց փափագում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ընտրի գիտակցաբար:

Անձամբ ես միայն մի բանի կարող եմ դրդել՝ գնացեք ընտրելու ու ընտրեք այն ուժին, որը թարմ է, երիտասարդ ու հեռանկարներ ունի:

 

Արսինե Խանջյան
դերասանուհի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?