Պատերազմի պատկերների և բանակի բացիկային լուսանկարների արանքում

14.12.2016, Խաչմերուկ

Լուսանկարիչ Արեգ Բալայանն իր MOB. ֆոտոցուցահանդեսում ներկայացրել է, թե ինչ է ապրել ու տեսել 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 1-ը Արցախի հյուսիսային սահմանին՝ «Եղնիկներ» զորամասում: Լուսանկարները առաջին անգամ հրապարարկվել են ցուցահանդեսին:

Ամեն ինչ մտածում ես

Ապրիլի 2-ին ֆոտոխցիկ չէի տարել, որովհետև պարզ չէր` ուր ենք գնում, պարզ չէր` հետ կգամ, թե չէ, պարզ չէր` կլուսանկարեմ, թե ոչ: Շատ բաների մասին էի մտածում…

Երբ ապրիլի 14-ին առաջին անգամ եկանք հերթափոխի, ֆոտոխցիկն ինձ հետ էր: Այն ամբողջ ժամանակը, երբ խցիկս ինձ հետ չէր, մեռնում էի առանց նկարելու, անգամ սկսեցի գծանկարներ անել, որոնք նույնպես տեղ գտան ցուցահանդեսում: Կարմիրով նկարած գծանկարներն արդեն հիշողություններ են` ինչ-որ դեպքեր, որ պատահել են ու կարևոր են եղել ինձ համար:

Ապրիլի 15-ից սկսած արդեն լուսանկարել եմ մինչև հունիսի վերջ:

Ես այնտեղ իրականում որպես զինվոր էի, իմ առաջնային ֆունկցիան զինվոր լինելն էր, լուսանկարներն ավելի շատ հանգիստ ժամանակ էի անում: Գործողություններ չկան նկարներում, քանի որ գործողությունների ժամանակ ձեռքիս ավոտմատն էր:

Արեգ Բալայանը՝ սահմանին

Օգուտն ու վնասը կշռելով

Ադրբեջանցիների անօդաչու սարքերը մեզ ավելի շատ են նկարում, քան մենք՝ մեզ: Այս իմաստով մի քիչ անլուրջ է ասելը, թե նկարել չի կարելի: Գուգլում բացում ես` մինչև մարդու մեծության չափսով ամեն ինչ տեսնում ես: Այնուամենայնիվ, եթե պատերազմական դրություն է, եթե զինտեխնիկա կամ քողարկված տեխնիկա է կանգնած, պարզ է, որ չպետք է նկարել:

Ինձ ավելի շատ մարդիկ են հետաքրքրել, մարդկային իրավիճակները, նրանց ապրումները, սպասողական վիճակը: Մեզ մոտ կապ չկար ընդհանրապես. առաջին տասը օրը մեր մասին տեղեկություններ չեն եղել, ոչ էլ մենք ենք տեղեկություններ ունեցել տանից:

Իրավիճակներ կային, որ չեմ նկարել. կուզեի նկարել, բայց նկարելուց առաջ պիտի մտածեի: Բաներ կան, որ եթե նկարես, հնարավոր է, վնասեն մարդուն: Նման դեպքերում ավելի լավ է` չնկարես: Գլոբալ առումով այդ նկարները կարող է ինչ-որ բանին օգնեն, բայց շատ մարդկանց՝ վնասեն:

Արեգ Բալայանն ու զինվորները՝ սահմանին

Պիտի մարդ մնաս ամեն դեպքում, ոչ միայն որպես լուսանկարիչ, ցանկացած իրավիճակում, անգամ եթե կամուրջ ես կառուցում: Ես միշտ մտածում եմ` արդյոք այն, ինչ անելու եմ, օգուտ կտա՞ ինչ-որ մեկին:

Սահմանին ամեն ինչ շատ կոնկրետ էր. կոնկրետ մարդիկ էին, կոնկրետ իրավիճակներ: Կոնկրետ մարդկանց համար պատասխանատու ես դառնում, ու եթե մի բան սխալ անես, մարդիկ կարող են տուժել, անկախ նրանից՝ դա արդար է, թե ոչ:

Բացիկային լուսանկարչություն

Վերջին տարիներին բանակի վիզուալիզացիան շատ բացիկային է, ու դա թուլացնում է մարդկանց` բանակի ընկալման լրջությունը, որովհետև մարդիկ մտածում են, թե ամեն ինչ նորմալ է: Իմ նպատակներից մեկն էր ցույց տալը, որ ամեն ինչ չէ, որ բացիկային է: Օրինակ՝ որ ցեխ կա, որը լցվում է կոշիկներիդ մեջ ու ժամերով պիտի կանգնես այդպես:

Ուզում էի ցույց տալ, թե ինչպես են քնում զինվորները (25 հոգի էինք, 6 քնելու տեղ), ինչպես են ուտում, ինչպես՝ կանգնում, երբ միայնությունն է, դու ես, ու աշխարհը: Սա պետք է ցույց տալ, որ մարդիկ իրականությունից շատ չկտրվեն:

Ճիշտն ասած չգիտեմ` եթե որպես զինվոր գնացած չլինեի, կկարողանայի՞ նկարել այս ամենը:

Ստացվել է այնպես, որ լուսանկարիչ եմ և չեմ կարող չնկարել: Ու ասելու պահանջն այնքան մեծ էր, որ ուզեցի ուրիշներին էլ փոխանցել: Ինձ պետք էր ասել ու հանգստանալ: Ծանր է շատ, իրականում հետպատերազմյան վերակնագնում է անհրաժեշտ: Այդ ամենից հետո զգացողությունները շատ սուր են:

Արեգ Բալայանն ու Արցախում ծառայող զինվորը՝ սահմանին

Մարդկային գործոնը

Այդ օրերին Ղարաբաղից առաջին լուսանկարներն իմն են եղե՝ ինչպես արկը պայթեց, զույգ եղբայրներից մեկը զոհվեց, իսկ մյուսը վիրավորվեց, մեկ այլ տղա էլ վիրավորվեց: Առավոտյան գնացել, նկարել եմ: Ահավոր էր: Մեր փողոցով մի ժամից ավելի տանկեր էին անցնում, բոլորը մեր փողոցով էին գնում-գալիս: Տեսախցիկը ձեռքիս էր, բայց չէի նկարում, քանի որ չգիտեի` ինչ է լինելու, նկարներս կօգնեն, թե կվնասեն:

Երբ երեխաների դեպքի մասին իմացա, գնացի, որ նկարեմ: Պարզվեց՝ երեխաներից մեկի հորեղբայրն իմ ծանոթն է, չնկարեցի: Երբ երեխաներին վիրահատարանից հանեցին ու ասացին՝ ամեն ինչ նորմալ է, նոր նկարեցի: Գուցե սա պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից թերություն է, բայց ես առաջնային էի համարում մարդկային գործոնը: Չվնասելը:

Արեգ Բալայանն ու զինվորները՝ սահմանին

Մարդ մնալ

Առաջին կանոնն է` մարդ լինել: Կարևոր է, որ քեզ վստահեն: Եթե վստահեն, արդեն կարող ես նաև նկարել: Անվտանգ մնալու համար պետք է հաշվի առնել պատերազմի բոլոր առանձնահատկությունները՝ ձայները, կրակոցները: Դրանք կարող են այնքան շոկային լինել, որ չկարողանաս ոչինչ անել:

Պետք է հաշվի առնել նաև բնակլիմայական պայմանները` ցուրտը, ցեխը: Պետք է ամենի ինչին պատրաստ լինել (մրսել, ուտել ցանկացած բան, քնել ցանկացած վայրում):

Մարդը ժպտում է, երբ իրեն լուսանկարում են: Պատերազմական իրավիճակում էլ է այդպես: Լուսանկարիչը ժամանակ չի ունենում խորասուզվելու մարդկանց կյանքի մեջ: Իսկ մարդիկ էլ բացի ժպիտից այլ բան չեն կարող տալ լուսանկարչին: Փոխադարձ վստահությունը դժվար է վաստակել:

Նկարելուց առաջ պետք է թույլտվություն հարցնել, նկարելուց հետո էլ պետք է հարցնել` կարելի է օգտագործել նկարները, թե ոչ: Ես տղաներին հարցրել եմ. նույնիսկ ոգևորված էին, որովհետև նրանց այնտեղ ջերմության, սիրո, ուշադրության կարիք ունեն, որ օրեր շարունակ չեն ստանում:

Արեգ Բալայանն ու զինվորները՝ սահմանին

Արեգ Բալյանի լուսանկարները ցուցադրվելու են Միրզոյան գրադարանում մինչև 2017-ի փետրվարի 15-ը:

Սառա Խոջոյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?