«Մամուլը չի լուծելու հակամարտությունը»

09.01.2014, Խաչմերուկ

Լրագրող

Արա Պապյանը իրավաբան, պատմաբան եւ դիվանագետ է, «Մոդուս վիվենդի» հասարակական գիտությունների կենտրոնի նախագահը: Նա 2000-2006 թվականներին եղել է Հայաստանի դեսպանը Կանադայում: Մինչ այդ Արտգործնախարարությունում զբաղեցրել է  տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ԱԳՆ-ի մամուլի խոսնակի պաշտոնը:

Արա Պապյանը գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գործում թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները մեծ դերակատարություն չունեն, քանի որ պաշտպանում են իշխանությունների շահերը:

Հետեւելով լրատվամիջոցներին՝ ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է հայաստանյան մեդիան լուսաբանում հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Կարծում եմ՝ լուսաբանման առանձնահատկությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, թե տվյալ մեդիան ում է պատկանում կամ որ կողմին է սատարում: Եթե լրատվամիջոցը իշխանամետ է, իշխանության վերահսկողության տակ է գտնվում կամ իշխանության հետ սերտ հարաբերություններ ունի, հիմնականում գովում է այն, ինչ անում է իշխանությունը:

Եթե ընդդիմադիր է, ապա  արտախորհրդարանական ընդդիմության պարագայում, որն ավելի ծայրահեղ ընդդիմություն է, բնականաբար, մշտապես քարկոծելու, քննադատելու տեսակետից է հանդես գալիս, իսկ խորհրդարանական ընդդիմության պարագայում՝ կախված նախաձեռնությունից:

«Իհարկե, մեդիան ինքն իրենով արժեք է, բայց, ի վերջո, իշխանություններն են լուծելու հակամարտությունը»

Հայաստանյան լրատվամիջոցները, որպես կանոն, միտում չունեն հակամարտությունը սրելու: Նրանք ընդհանրապես մշտապես հանդես են գալիս «հարցը պետք է խաղաղարար միջոցներով լուծել», «խաղաղարար միջոցներին այլընտրանք չկա» եւ նման այլ ձեւակերպումներով:

Դիրքորոշումների տարբերությունը հետեւյալն է՝ իշխանամետ լրատվամիջոցները գտնում են, որ բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր է  խաղաղություն հաստատել, իսկ ընդդիմադիր մամուլը այդպես չի կարծում:

Ազգամիջյան հակամարտությունների հարցում մեդիան ընդհանրապես ի՞նչ դերակատարություն ունի, եւ հայաստանյան մեդիան մասնավորապես ի՞նչ դեր է կատարում:

Կարծում եմ՝ մեդիայի դերը փոքր-ինչ չափազանցված է: Ես լավ հիշում եմ, որ Սովետական միության տարիներին մեդիան մշտապես խաղաղության եւ եղբայրության գովք էր անում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ:

Դա Սովետական միության քաղաքականությունն էր, բայց դրա ներքո կար հակամարտություն: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ էր քարոզում մեդիան, իրավիճակն իրականում չէր փոխվում. այդ եղբայրությունը չկար ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ, առավելեւս, Ղարաբաղում:

Իհարկե, ցանկալի է, որ հատկապես ադրբեջանական մեդիան քիչ ռազմատենչ հայտարարություններ անիԻ տարբերություն մեր քննադատական դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների, որոնք, օրինակ, գրում են՝ «Մենք համաձայն չենք Մադրիդյան սկզբունքներին, որովհետեւ դրանք կբերեն անվտանգության համակարգի թուլացմանը», ադրբեջանական մեդիան հայերին համեմատում է առնետների ու տականքների հետ, որոնց պետք է ոչնչացնել:

Դա անընդունելի է, որովհետեւ, ի վերջո, հակամարտությունը պետք է լուծվի, բայց այն չի կարող լուծվել, քանի դեռ չի լուծվել մարդկանց մտքերում:

Այս իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարներից մեկը կոչ է անում ադրբեջանցիներին չհամագործակցել հայերի հետ անգամ դրսում եւ հայերի հետ համագործակցությունն ազգային դավաճանություն է համարում, մեդիան, որ ենթակա է իշխանությանը (իսկ Ադրբեջանում մեդիան շատ ավելի վատ վիճակում է, քան Հայաստանում), բնականաբար, դառնում է իշխանության խոսափողը:

«Հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ չի լուծվել մարդկանց մտքերում»

Իսկ հիմա մամուլն ինչ ուզում է, թող գրի, միեւնույն է, ժողովուրդն արդեն հոգնել է, քանակային առումով նվազել, աղքատացել է, աչքն էլ վախեցել է, դրա համար էլմամուլը մեզ մոտ ազատ է:

Հայաստանում տպագիր մեդիան համեմատաբար ազատ է, խնդիրն այլ է՝ դա ոչ մեկի վեջը չի: Իհարկե, կարող են չթողնել, որ մամուլն այս կամ այն բանը գրի, բայց իրավիճակը փոխվել է:

90-ականներին վտանգ կար. ժողովուրդը հոգեբանորեն այլ կերպ էր տրամադրված՝ երկու լուրջ, մերկացնող հոդված, եւ ժողովուրդը ոտքի կկանգներ:

 Մեդիան կարո՞ղ է նպաստել հակամարտության լուծմանը:

Ոչ, որովհետեւ մեդիան կրկնում է իշխանության ասածը: Մամուլը չի լուծելու հակամարտությունը: Ես այդքան չէի գերագնահատի մամուլի դերը: Մենք շփոթում ենք մի շատ կարեւոր հանգամանք, եւ կարծում եմ՝ դա արեւմտյան շփոթմունք է:

Մեդիան մեծ դեր ունի արեւմուտքում: Ինչու՞: Որովհետեւ ձեւավորում է հասարակական կարծիք, հասարակական կարծիքն էլ ընտրությունների միջոցով ձեւավորում է իշխանություն: Քանի որ մեզ մոտ իշխանությունը ընտրություններով չի ձեւավորվում, այդ օղակը կտրված է:

Իհարկե, մեդիան ինքն իրենով արժեք է, բայց, ի վերջո, իշխանություններն են լուծելու հակամարտությունը: Մեր մեդիան ազդեցիկ չէ. ազդեցիկ մեդիայի հիմքում տնտեսական անկախությունն է: Մեդիան պետք է ինքնուրույն ֆինանսական աղբյուր ունենա անկախ լինելու համար:

Ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Վրաստանում ամբողջությամբ անկախ մեդիա երբեք չի կարող լինել:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?