Ալեքսը՝ թիրախում․ ամերիկյան Target (թիրախ) խանութի գանձապահ Ալեքսը նշում է իր առցանց մեդիա քառասունքը

15.12.2014, Քննադատ

Լրագրող, հիմնական հետաքրքրությունները. հեռուստատեսություն, նոր մեդիա, էպիկուրյան փիլիսոփայություն

 

 

Գործ, տուն, Թվիթեր

2014 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16.00-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆրիսքո քաղաքի բնակիչ Ալեքսը աշխատանքից վերադարձավ տուն։ 16 տարեկան Ալեքսը «Թարգեթ» խանութում գանձապահ էր, եւ դասավորում էր գնումները տոպրակներում։ Գործից տուն ճանապարհին Ալեքսը արդեն սոցցանցերի աստղ էր դարձել, թեպետ ինքն այդ մասի տեղյակ չէր։ Ժամը 16.09-ին Թվիթերում հայտնվեց նրա շփոթված հաղորդագրությունը․ «Հիմա ի՞նչ՝ ես նշանավո՞ր եմ»։

Վայրկյաններ անց նրա հաղորդագրությունը հավանեց 32.000 օգտատեր, օրվա վերջում արդեն՝ 75.000։ Մեկ օր անց Ալեքսին հետեւում էր 300.000 մարդ։ 10 օր անց գանձապահ տղան ստիպված էր փոխել իր հեռախոսահամարը՝ այլեւս անկարող լինելով պատասխանել հազարավոր զանգերի։ Ստեղծվեց #alexfromtarget պիտակը (hashtag), որի շնորհիվ միլիոնավոր հաղորդագրություններ տարածվեցին ինտերնետում։ Այսօր արդեն տեխասցի գանձապահին հետեւում է 746.000 մարդ։ 

Alex_from_Target

Դեկտեմբերի 11-ին նրա վերջին գրառումը հերթական աստղային միջոցառման մասին է․ «Անհամբեր սպասում եմ նորաձեւության լեգենդների հետ հանդիպմանը Frizzary Haircare ընկերությունում»։ Ինչպե՞ս է այս պատանուն հաջողվում «կերակրել» ամերիկյան եւ միջազգային մեդիան պատմություններով, քննարկումներով եւ վերլուծություններով։ 

Alex_Target_Power_of_Twitter

Թվում է՝ նրա մասին պատմելու ոչինչ չկա։ Առավելագույնը, որ կարողացավ Ալեքսի մասին լուսագրերով հայտնել CNBC հեռուստաալիքը այն էր, որ նա «սիրում է հավի շերտամիս»։ 

Ո՞վ է նա, ուրեմն, այդ Ալքես Քրիստոֆեր Լաբոն (Alex Christopher LaBeou). 

YOOOOOOO

Ամեն ինչ սկսել է այս հաղորդագրությամբ, գուցե մի O-ով ավել կամ պակաս։ 15 տարեկան Ալանա Փեյջն ու Բրուկլին Ռեյֆը լուսանկարում են խանութում իրենց սպասարկող Ալեքսին եւ տեղադրում իրենց էջում։ Ոմն auscalum, տեսնելով լուսանկարը, տարածում է այն իր էջում, մի հիացական բացականչությամբ։ 

5

auscalum օգտատերի Թվիթերի էջից

Իր հերթին, auscalum-ի ընկերներից մեկը՝ 5sos անունով օգտատեր մի պատանի տալիս է վերջնական ակորդը՝ Ալեքսին դուրս բերելով ընկերական նեղ շրջանակից, եւ հանձնում լրատվամիջոցների ձեռքը։ 20 օրվա ընթացքում Ալեքսի պատմությանը բոլոր հնարավոր անկյուններով անդրադառնում են Նյու Յորք Թայմսը, Թայմը, Հաֆինգթոն Փոսթը, Վաշինգթոն Փոսթը, բրիտանական Թելեգրաֆը, Բազֆիդը, առցանց լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները։ «Էմմի» մրցանակակիր Էլենն անձամբ այցելում է Ալեքսին «Թարգեթ» խանութ, ապրանքներ տեսակավորում նրա հետ եւ հրավիրում իր «Էլեն» հեռուստաշոուին մասնակցելու։ 

դիտել 2՛51՛՛-ից

- Դու ամուսնության առաջարկ ստացե՞լ ես:
- Այո:
- Ուրիշ ի՞նչ տաղանդ ունես, հիմա առիթից օգտվիր, ասա:
- Ես կարող եմ ապրանքները շատ լավ տեղավորել տոպրակների մեջ:
- Ճիշտ է ձվերը միշտ վերեւում պետք է դնել, ոչ թե տոպրակի տակ։ Բայց լուրջ, կարո՞ղ ես երգել կամ պարել, մի բան նվագել, մի բան անել էլի։ 
- Կարող եմ պարել, բայց լավ չեմ պարում։
- Դե լավ մի պարի։

Ellen Degeneres-ի թվիթերյան էջից

Վերջում Էլենը նրան նոր iPad է նվիրում եւ ճանապարհում։ Շոուից հետո Ալեքսը մեդիա դաշտից գլխապտույտ արագությամբ հայտնվում է նորաձեւության ոլորտում։ Կարմիր շապիկը, բաց գույնի անդրավարտիքն ու սպիտակ երիզով սպորտային կոշիկները  համարվում են աշակերտուհիների սիրտը գրավելու ամենակարճ ճանապարհը։ Մի հետաքրքիր զուգադիպությամբ այդպիսի հագուստը վաճառվում է հենց «Թարգեթ» խանութում։

Այս մասին մի պահ մոռացել էին բոլորը, բայց հիշում են, երբ երգել-պարել չկարողացող Ալեքսի աստղային փայլը մի փոքր խամրում է։ Արդյո՞ք սա հերթական շուկայական արշավն է։ Ավելի ցածր տոնայնությամբ լրատվամիջոցները սկսում են քննարկել նաեւ, թե ինչ տվեց մեդիա հռչակը ապրանքներ տեսակավորող այս 16 տարեկան տղային։ 

Ես կգտնեմ ու կսպանեմ քեզ

Ամերիկյան «Վոքս» պարբերականն անդրադարձել է alexfromtarget արշավում «Բրեյքր Նեյշն» անունով մի կազմակերպության դերին։ Սա շուկայական եւ տեղեկատվալան ծրագրեր իրականացնող ընկերություն է։ Հիմնադիր Դիլ-Դոմեն Լեոնարեսը մեկ այլ սոցցանցում՝ Linkedin-ում գրում է, որ «Մենք ուզում էինք տեսնել, թե, ինչպես կարող է երիտասարդ աղջիկների հզոր դեմոգրաֆիական ուժը առաջ մղել Տեխասի «Թարգեթ»-ում աշխատող մի անհայտ, վայելուչ տեսքով երեխայի դեպի ինտերնետի արագ տարածվող սենսացիոն ոլորտ»։

7

8Dil-Dominé Jacobe Leonares-ի Լինքդին էջից

Ամերիկյան մեդիան քիչ ուշադրություն դարձրեց այս արտահայտությանը, մանավանդ, երբ ինքը՝ պատմության հերոսը հայտարարեց իր միլիոնանոց հետեւողներին, որ այդ ընկերությունը ուղղակի ուզում է հռչակ ձեռք բերել իր հաշվին, եւ որ ինքն ու իր ծնողները երբեք չեն լսել այդպիսի ընկերության մասին։

Այսպես, կարճ ու կոնկրետ փարատվեցին կասկածները, որովհետեւ պատմություններն արդեն գրվել էին, հաղորդագրությունները տարածվել էին, շոուները հեռարձակվել էին, եւ բոլորն էլ, հատկապես լրատվամիջոցները, գոհ էին․ էֆեկտը ստացվել էր։ Դժգոհ են Ալեքսի ծողները․ ընտանիքը մտադիր է փոխել բնակությանը վայրը՝ զգուշանալով մոլեռանդների սպառնալիքներից։

Նրանք արդեն փոխել են գծային հեռախոսահամարը, ցանկանում են փոխել որոշ անհատական տվյալներ՝ վախենալով հայտնաբերվել նույնիսկ նոր բնակության վայրում։ Ալեքսի ընկերուհին՝ 15 ամյա Լինդսին սպառնալիքներ է ստանում Ալեքսի հարյուրհազարավոր երկրպագուհիներից հիմնականում նույն բովանդակությամբ․ «Ես քեզ կսպանեմ»։

Lindsey

Լուրեր են պտտվում, որ «Թարգեթ»-ում քննարկում են Ալեքսին ազատել աշխատանքից, քանի որ alexfromtarget-ի վերաբերյալ ծպտյալ մարքեթինգային կասկածները սկսել են բացասական ազդել ընկերության վարկանիշի վրա։ 

40 օր է անցել alexfromtarget ինտերնետային հեղեղից, եւ հայտնի է միայն մի բան․ 16 տարեկան տղան ունի 746.000 հետեւող, մտահոգ ծնողներ եւ ահաբեկված ընկերուհի։ Եվ մի վերջին բան։ Ալեքսի թվիթերյան էջում, նրա տվյալների կողքին ավելացել է մի փոքրիկ նշում, բիզնեսի առաջարկների էլեկտրոնային փոստը։ 

Արմեն Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?