25 եղանակ, թե ինչպես օգտագործել Facebook-ը, Twitter-ն ու Storify-ը քաղաքականությունն ավելի լավ լուսաբանելու համար

« Քանի որ ընտրությունները մոտենում են, ահա 25 խորհուրդ, թե ինչպես կարող են լրագրողներն օգտագործել Facebook-ը, Twitter-ը, Storify-ը, Google-ը, LinkedIn-ն ու այլ գործիքները՝ ավելի լավ լուսաբանելու ընտրություններն ու նախընտրական շրջանը »

Սոցիալական մեդիան ընտրություններ լուսաբանող լրագրողների համար հզոր գործիք է դարձել: Այն լրագրողներին հնարավորություն է տվել տեսնել, թե ինչպես են քաղաքական գործիչներն ու նախընտրական շտաբի աշխատակիցները շփվում եւ նորություններ փոխանակում ընտրողների հետ: Դա օգնել է նրանց գտնել տեղական ընտրողներին եւ ավելի լավ հասկանալ, թե ինչ ցանկություններ ունի լսարանը ընտրությունների լուսաբանման հետ կապված:

Քանի որ ընտրությունները մոտենում են, ահա 25 խորհուրդ, թե ինչպես կարող են լրագրողներն օգտագործել Facebook-ը, Twitter-ը, Storify-ը, Google-ը, LinkedIn-ն ու այլ գործիքները՝ ավելի լավ լուսաբանելու ընտրություններն ու նախընտրական շրջանը:

Facebook

  • Տեսեք, թե ինչպես են քաղաքական գործիչները թիրախավորում տեղական ընտրողներին: Որոշ քաղաքական գործիչներ իրենց քարոզչական ռազմավարության կենտրոնում դնում են Facebook-ը: Ի՞նչ ազդեցություն են ունենում այս հաղորդագրությունները: Արդյո՞ք կողմնակիցները արձագանքում են դրանց:
  • Տեսեք, թե ինչ են տեղական ընտրողները, ակտիվիստներն ու ցուցարարներն  ասում քաղաքական գործիչների մասին: Օգտվեք Facebook-ի որոնումից՝ տեսնելու, թե ինչ են նրանք ասում եւ ինչպես են արձագանքում նոր քաղաքական զարգացումներին, քննարկումներին եւ հարցումներին:
  • Գնահատեք, թե որքան բաց/հասանելի են քաղաքական գործիչները: Որոշ քաղաքական գործիչներ Facebook-ում ամբողջությամբ տեղադրում են իրենց քվեները: Ի՞նչ է թափանցիկության այս մակարդակն ասում քաղաքական գործչի՝ ընտրողների հետ բաց լինելու պատրաստակամության մասին:
  • Գտեք առավել ակտիվ կողմնակիցներին: Facebook-ը թեկնածուների համար հիանալի միջոց է դարձել գտնելու իրենց շատ ակտիվ կողմնակիցներին, որոնց մասին նրանք այլ կերպ չէին իմանա: Դուք կարող եք Facebook-յան քաղաքական cause-երի եւ խմբերի էջերում գտնել այն կողմնակիցներին, որոնք պատրաստակամ կլինեն խոսել ձեզ հետ:
  • Կարդացեք քաղաքական գործչի Timeline-ը:  Մեծ քարոզչական հայտարարությունները երբեմն նախանշվում են ստատուսի թարմացումներում կամ այլ գործողություններում:
  • Կապ հաստատեք  քաղաքականապես գրագետ լրատվություն սպառողների հետ: Ամերիկյան «Pew» հետազոտական կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ Facebook-ի օգտատերերը քաղաքականապես ավելի ակտիվ են, քան այլ ամերիկացիներ: 2.5 անգամ ավելի հավանական է, որ նրանք մասնակցեն քաղաքական իրադարձության, 57 տոկոսով ավելի հավանական, որ կհամոզեն ուրիշներին ձայնը տալ կոնկրետ թեկնածուին, եւ 43 տոկոսով ավելի հավանական, որ հայտարարեն քվերարկելու կամ քվեարկել պատրաստվելու մասին: Ինչպե՞ս է ձեր լրատվական կայքն օգտագործում Facebook-ը: Facebook-ում տեղադրեք քաղաքական նյութերի հղումներ եւ Facebook ֆաներին տվեք դրանց առնչվող հարցեր՝ նրանց զգացմունքներն ու ռեակցիաները արձանագրելու համար: Ընտրություններից ուղիղ ինտերնետային հեռարձակում կազմակերպեք Ֆեյսբուքում: Դուք կարող եք նաեւ ուղիղ հեռարձակում տալ YouTube-ով:

Twitter

  • Հետեւեք քաղաքական գործիչներին: Հետեւեք այն քաղաքական գործիչներին, ում մասին գրում եք, որպեսզի տեսնեք, թե ինչ են նրանք ասում: Արդյոք նրանց գրառումների բնույթը փոխվու՞մ է ընտրությունների օրվա մոտենալու հետ: Արդյոք նրանք շփվու՞մ են իրենց հետեւողների հետ: Արդյոք նրանք խուսափու՞մ են քննադատությունից, թե՞ դիմում են քննադատության: Գիտակցեք, որ որոշ քաղաքական գործիչներ ունեն իրենց քարոզչությունն իրականացնողները, ովքեր թվիթում են նրանց փոխարեն: Օրինակ՝ Օբաման միշտ չէ անձամբ գրում իր թվիթները: Եվ համոզվեք, որ թեկնածուի հաշիվը իրական հաշիվ է, ոչ թե կրկնօրինակը:
  • Հետեւեք նախընտրական շտաբի աշխատակիցներին եւ քաղաքական վերլուծաբաններին: Քարոզչություն իրականացնողները հաճախ ուշագրավ նյութեր են տեղադրում կամ գրառումներ կատարում, օրինակ՝ «Այսօր *հիանալի* օր էր»:  Այս տեսակ նշումները կարող են հուշել կարեւոր իրադարձությունների մասին: Ստեղծեք Twitter ցուցակներ, որպեսզի կարողանաք համակարգել նրանց թվիթները: Կողմնակի հավելվածների տեղադրումը, ինչպիսիք են  TweetDeck-ը կամ HootSuite-ը ավելի է հեշտացնում թվիթերին հետեւելը ողջ օրվա ընթացքում:
  • Փորփրեք անցյալը: Թվիթերի ներկառուցված որոնման համակարգի սահմանափակումներից մեկն այն է, որ այն թույլ չի տալիս որոնել ամիսներ կամ տարիներ առաջ գրառված թվիթները: Բայց կան Twitter-ի որոնման այլ գործիքներ, որոնք դա թույլ են տալիս: Օրինակ՝ Topsy-ն թուլ է տալիս որոնել մինչեւ երեք տարի վաղեմության թվիթներ: Դա անելու համար բացեք Topsy-ի ընդլայնված որոնման էջը եւ «որոնել որոշակի տեսակ» դաշտում ընտրեք «թվիթներ» տարբերակը: Այս գործիքը օգտակար է տեսնելու, թե քաղաքական գործիչները ինչ են թվիթել իրենց քարոզչության որոշակի ժամանակահատվածում:
  • Իդենտիֆիկացրեք աղբյուրներին: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ են թվիթում տեղական համայնքի մարդիկ, օգտվեք Twitter-ի ընդլայնված որոնման ֆունկցիայից, որը հնարավորություն է տալիս որոնում կատարել ըստ տեղանքի/վայրի: Մուտքագրելով ձեր տեղանքը/վայրը եւ հիմնաբառը՝ դուք կարող եք գտնել առնչվող թվիթներ այդ վայրից 1-ից 1000 մղոն հեռավորության վրա: (Այն նաեւ շառավիղը ընտրելու հնարավարություն ունի):
  • Վերլուծեք քաղաքական գործիչների ազդեցիկությունը: Արտաքինը կարող է խաբուսիկ լինել: Մեկը կարող է ունենալ ավելի քան մեկ միլլիոն հետեւողներ, մյուսը՝ դրա մեկ տասներորդը, բայց երկրորդի թվիթները ավելի հաճախ տարածվեն եւ ավելի ազդեցիկ լինեն: Twitalyzer-ի եւ Klout-ի պես գործիքները կարող են օգնել ձեզ պատկերացում կազմել Թվիթերում թեկնածուի իրական հեղինակության մասին:
  • Վերլուծեք քաղաքական գործիչների հետեւողներին:  Օգտագործեք  Followerwonk.com կամ Twiangulate.com կայքերը՝  համեմատելու հետեւողների երկու-երեք հաշիվների բազաները (թեկնածուներ, լրագրողներ, կոմիտեներ) եւ տեսելու, թե որոնք են համադրվում: Գտեք մի քանի մարդկանց, ովքեր հետեւում են ընտրարշավի բոլոր թեկնածուներին, հնարավոր է նրանք հետաքրքրվում են ընտրարշավով կամ լավատեղյակ են դրանից: Նաեւ պարզեք, թե ձեզ հետեւողներինց ով է հետեւում որեւէ թեկնածուի եւ խնդրեք նրանց օգնել ձեզ լուսաբանման հարցում:
  • Հետեւեք ընտրողների արձագանքներին: Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում քաղաքական գործիչների թվիթներին տեղական եւ ազգային մակարդակով: Ինչպե՞ս են նրանք արձագանքում հարցումներին: Կապվեք այն մարդկանց հետ, ովքեր առավել հետաքրքիր են  արձագանքել: Դուք կարող եք կապվել նրանց  հետ Twitter-ում եւ խնդրել անձնական հաղորդագրությամբ ուղարկել իրենց տվյալները: (Եթե դուք պատրաստվում եք թվիթները ներառել նյութի մեջ, համոզվեք, որ կրկնակի ստուգել եք այն թվիթների ճշգրտությունը, որոնք փաստական տեղեկատվություն են պարունակում):
  • Պատրաստեք թվիթների վիզուալիզացիա: Դուք կարող եք վերլուծել քաղաքական գործիչներին առնչվող թվիթները, ինչպես նաեւ պատրաստել վիզուալիզացիա, որը ցույց կտա ընտրություններին առնչվող թվիթների քանակը:
  • Զրույցը պահպանեք հեշթեգերի օգնությամբ: Ստեղծեք հեշթեգ կամ օգտագործեք այն հեշթեգը, որն արդեն օգտագործվել է քաղաքկան նյութերի կապակցությամբ: (Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես ստեղծել հեշթեգ): Հեշթեգերը հատկապես օգտակար կարող են լինել ընտրությունների օրը:
  • Շարունակական հետաքրքրություն առաջացրեք ձեր բովանդակության/նյութերի նկատմամբ: Ընտրությունների լուսաբանման վերաբերյալ հղումներ թվիթեք եւ փորձեք խոսակցություն սկսել դրա շուրջ: Եթե դուք շատ ընթացիկ նյութեր ունեք եւ չեք ուզում դրանով «ռմբակոծել» ձեր կայքի Twitter հետեւողներին, դուք կարող եք առանձին Twitter հաշիվ ստեղծել ընտրությունների մասին լուրերի համար: Առանձին հաշիվ ստեղծելիս թվիթեք այդ մասին ձեր կայքի հիմնական Twitter հաշվից: Ինչպես նաեւ «կենսագրություն» դաշտում գրեք ձեր կայքի URL-ը եւ/կամ նրա հիմնական Twitter անունը՝ ցույց տալու, որ հաշիվը կապված է կայքի հետ: 

Storify

  • Առանձնացրեք ընտրողների արձագանքները/ քաղաքական գործիչների գրառումները տարբեր սոցիալական ցանցերից: Storify-ը սոցիալական մեդիա պատմությունները համակարգելու հիանալի գործիք է, որովհետեւ այն թույլ է տալիս մի տեղում հավաքել Facebook-ի եւ Twitter-ի գրառումները եւ դրանց ավելացնել կոնտեքստ:
  • Օգնեք ձեր լսարանին կողմնորոշվել տեղեկատվության հոսքում, որը նրանք սպառում են սոցիալական ցանցերում: Օգտագործելով Storify-ը՝ դուք կարող եք օգնել ձեր լսարանին գտնել այն նորությունները, որոնք առնչվում են նրանց:
  • Համեմատեք եւ հակադրեք քաղաքական գործիչների թվիթերն ու ֆեյսբուքյան գրառումները: Մի քաղաքական գործիչ կարող է օգտագործել դրանք՝ իմանալու ընտրողների կարիքների մասին, մյուսը՝ ինչ-որ անորոշ տեղեկություններ տարածելու համար:

Հավելյալ գործիքներ

  • Օգտագործեք Գուգլը: Օգտագործեք  Google TrendsInsights for Search,  Google Ngram Viewer եւ Google Correlate կայքերը՝ տեսնելու, թե ինչ են փնտրում մարդիկ եւ պարզելու քաղաքականության միտումները: Եթե դուք ունեք անձնական Google+ հաշիվ, նյութեր տեղադրեք այնտեղ:
  • Փորձարկեք նոր գործիքներ, ինչպիսին է Instagram-ը: Որոշ լրատվական գործակալություններ օգտագործում են iPhone-ի ֆոտո ծառայություն Instagram-ը` պատմություններ պատմելու համար:
  • Օգտագործեք LinkedIn-ը՝ փորփրելու թեկնածուների եւ անձնակազմի անդամների կրթությունն ու աշխատանքային փորձը: Նրանցից շատերն օգտագործում են այս ծառայությունը եւ բաց պրոֆիլներ ունեն, ինչը հնարավորություն է տալիս գտնել նրանց նախկին գործատուներին, տեղեկություններ հավաքել աշխատանքային փորձի եւ այլնի մասին: (Ահա մի քանի խորհուրդ):
  • Փորփրեք YouTube-ը՝ քարոզչական հոլովակներ եւ տեսանյութեր գտնելու համար: Ուսումնասիրեք YouTube-ը թեկնածուի պաշտոնական եւ անկեղծ տեսանյութերը գնտելու համար: Հնարավոր է թեկնածուներն ունենան իրենց սեփական ալիքները, նայեք նրանց գովազդներն ու տեսանյութերը: Երկրորդական քաղաքական գործիչները նույնպես կարող են ունենալ իրենց ներկայությունը YouTube-ում (պաշտոնական կամ ոչ պաշտոնական): Դուք կարող եք զարմանալ ձեր գտածով:
  • Հետեւեք գեոլոկացիոն հավելվածներին: Քաղաքական գործիչների գործողություններն այնպիսի հավելվածներով, ինչպիսին է Foursquare-ը, լրագրողներին կարող են հուշել, թե ինչպիսի տեղեր է սիրում հաճախ այցելել թեկնածուն: Բացի այդ՝ եթե դուք քննարկման կամ քարոզչության վայրում եք, կանգ առեք եւ ուսումնասիրեք, թե Foursquare-ում ով է check-in եղել եւ ինչ մեկնաբանություններ է թողել:
  • Կազմակերպեք առնցանց քաղաքական զրույցներ: Եթե դուք լուսաբանում եք տեղական ընտրությունները, տեսեք` կարո՞ղ եք արդյոք այնպես անել, որ թեկնածուն մասնակցի առցանց զրույցին (չաթին) եւ պատասխանի մարդկանց հարցերին: (Ահա 10 խորհուրդ, թե ինչպես մոդերացնել առցանց չաթերը):

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում


Հեղինակ՝ Մելերի Ջին Թենոր,

Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License