2013.12.28,

Նյուսրում

Լրագրության եւ սոցիալական մեդիայի զարգացման 2014-ի միտումները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Յուրաքանչյուր տարեվերջին ցանցառներն ու մեդիա փորձագետները փորձում են կանխատեսել լրագրության եւ սոցիալական մեդիայի զարգացման հաջորդ տարվա միտումները:

Ի՞նչ զարգացումներ են ակնկալվում 2014 թվականին. ցանցառները կիսվում են միտումների իրենց կանխատեսումներով:

 

Արփինե Գրիգորյան, Panarmenian.net-ի հանրային կապերի պատասխանատու, ցանցում հայտնի @arpik անունով

Իմ կարծիքով՝ հաջորդ տարի ավելի կշատանան մուլտիմեդիա հոդվածները, լրատվական կայքերն ավելի շատ կինտեգրվեն սոցիալական մեդիային, կհավաքեն իրենց ընթերցողների կարծիքները եւ նյութեր կստեղծեն սոցիալական ցանցերում տարածված ինֆորմացիայից:

Այս տարվա միտումները Instagram-ի, Vine-ի պես կարճ վիդեոծառայություններն էին, կարծում եմ՝ լրատվական դաշտում դրանք կսկսեն կիրառվել: Աշխարհում հիմա միտում է հիպերլոկալ նորությունների մատուցումը, այսինքն՝ նորություններն անմիջապես կապ ունեն այն տվյալների հետ, որոնք ընթերցողը կիսել է կայքի հետ, օրինակ, թե որտեղ է գտնվում, ինչ հետաքրքրություններ ունի:

Հույս ունեմ, որ «քոփի-փեյսթի» վրա հիմնված լրագրությունը կսկսի վերանալ ու կվերափոխվի բովանդակության համակարգման:

Լրատվական կայքերը պետք է անցում կատարեն այսպես կոչված responsive design-ի՝ դիզայնի, որը ավտոմատ կերպով կհարմարեցվի այն էկրանին, որով ընթերցողը դիտում է: Կամաց-կամաց կվերանան մոբայլ տարբերակ, համակարգչային տարբերակ սահմանները. տարբեր տիպի էկրանների համար կլինի միայն մեկ տարբերակ:

Սամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետ, ցանցում հայտնի @Kornelij անունով

Կարծում եմ՝ գալիս է ժամանակ, երբ լրագրողներն ու լրատվամիջոցներն այլեւս միայն մեկ սոցիալական ցանցից կառչած չեն լինի եւ կօգտագործեն բազմազան սոցիալական ցանցեր:

Արդեն երեւում է, որ որոշ լրագրողներ եւ լրատվամիջոցներ սկսել են օգտագործել Instagram-ը: Շատերն ավելի մեծ շեշտ են դնում YouTube-ի վրա՝ որպես ուղիղ հեռարձակման միջոցի:

Սմարթֆոնները կսկսեն ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ շնորհիվ սոցիալական ցանցերի օգտագործման մասշտաբի: Սմարթֆոնները, բնականաբար, ավելի մեծ հնարավորություններ են տալիս լրագրողին հենց դեպքի վայրից տարբեր ալիքներով տեղեկատվություն տարածել: Ինձ թվում է նաեւ, որ մենք հայկական արտադրության շարժական հավելվածներ կունենանք, որոնք կիրառելի կլինեն լրագրության մեջ:

Միքայել Ղազարյան, ցանցառ, ցանցում հայտնի @mkdotam անունով

Քանի որ ամեն ինչ արագանում է, իմ կանխատեսմամբ՝ կզարգանան ինֆորմացիան ավելի արագ մարսելու միջոցները՝ մուլտիմեդիա լրագրությունը, ինֆոգրաֆիկաները, ֆոտոպատմությունները:

Կարծում եմ՝ կզարգանան նաեւ story telling-ն ու տվյալների լրագրությունը: Հուսով եմ՝ հետաքննական լրագրությունը նույնպես:

Արթուր Պապյան, մեդիա փորձագետ, ցանցում հայտնի @ditord անունով

Կշարունակեն զարգանալ ոչ սովորական սոցիալական ցանցերը, այսինքն՝ այն ցանցերը, որոնք բոլորի համար չեն. խոսքը Pinterest-ի, Instagram-ի մասին է, որովհետեւ հիմա մարդիկ փորձում են Facebook-ից փախչել:

Հաջորդ միտումը, որն ակնհայտորեն երեւում է, վիզուալ բովանդակութան զարգացումն է. կշատանան տեսանյութերն ու լուսանկարները, իսկ տեքստերը գնալով կքչանան:

Կարծում եմ՝ հաջորդ տարին ինչ-որ առումով նաեւ մարդկանց հոգնածության տարի կլինի. մարդիկ հոգնել են սոցցանցերից, լուրերից, ամեն ինչից: Պետք է փորձել այդ հոգնած մարդկանց հետաքրքրեցնել մարդկային պատմությունների, ֆոտոպատմությունների, մուլտիմեդիա պատմությունների միջոցով: Եթե լրատվամիջոցները կարողանան պատմությունները ներկայացնել ինֆոգրաֆիկաների եւ վիզուալիզացիայի միջոցով, դա նրանց համար հաղթական ստրատեգիա կլինի:

Զրուցեց՝ Աննա Բարսեղյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *