2017.10.27,

Նյուսրում

Հոկտեմբերի 27-ի հաջորդ օրվա թերթերի էջերը

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

1999թ.-ին Հայաստանում թերթերը դեռ ազդեցիկ էին: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը հաջորդող օրերի հրապարակումները փոխանցում են այն նոր իրականությունը, որ կար հոկտեմբերի 28-ի առավոտյան:

«Հայաստանի Հանրապետություն»-ը կատարվածը որակում է որպես «Արյունալի ոճրագործություն»:

«Հայկական Ժամանակը» գրում է, որ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը սպանված են ու տեղեկացնում «Կառավարության մի զգալի մասը գտնվում է գերության մեջ» (թերթը տպարան էր ուղարկվել գիշերը, երբ պատանդները դեռ ազատված չէին):

«Երկիր»-ը առաջին էջում լուսանկարի փոխարեն սև ուղանկյուն է հրապարակում:

«Հայոց աշխարհ» օրաթերթը հոկտեմբերի 28-ի համարով գուժում է, որ նախօրեին «եղերական, թրքաբարո» հարված է հասցվել պետությանն ու ազգին, իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զգոնության կոչ է արել։

Նույն օրվա համարում «Հայոց աշխարհը» տեղադրել է մի քանի անեկդոտ։ Մեկն այն մասին է, թե ինչպիսին պետք է լինի իսկական զոքանչը և ինչպես է Սողոմոն թագավորը պատանուն սղոցելու հրաման տալով պարզում, թե երկու վիճաբանող կանանցից որ մեկն է նրա զոքանչը։

Թերթի հոկտեմբերի 29-ի համարի «Սա հայոց նկարագիրը չի» վերտառությամբ հոդվածի հետ, որտեղ տարբեր զբաղմունք ունեցող քաղաքացիները գնահատական են տալիս կատարվածին, տեղադրված է մի շատ ուշագրավ ու մինչ օրս արդիականությունը չկորցրած լուսանկար։ Զինվորականը փորձում է խոչընդոտել օպերատորի աշխատանքը։

«Իրավունքի» հոկտեմբերի 26-ի համարում, ողբերգությունից մեկ օր առաջ, առաջին էջում տպագրվել էր ծաղրանկար, որտեղ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կռվում են պաշտոններ բաժանելու դիրքի, այսինքն՝ իշխանության համար, և աշխարհիկ ու հոգևոր պաշտոններ են բաժանում։

Արդեն հոկտեմբերի 29-ի համարում, դեպքերից երկու օր անց, «Իրավունք»-ը փորձում է վերլուծել՝ արտաքի՞ն ուժերին էր կատարվածը ձեռնտու, թե ներքին։ «Քանի որ ի դեմս Սարգսյանի և Դեմիրճյանի Հայաստանում առկա էր իշխանության ուժեղ ռուսամետ թև, (․․․), ապա կարելի է ենթադրել, որ ԱԺ արյունալի իրադարձությունները խրագրվել և նախապատրաստվել են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից»,- սա վարկածներից մեկն է։

ԱԺ արյունալի իրադարձություններին չի շրջանցել անգամ մարզական «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը։ «Ժողովուրդը ցնցված է, աշխարհը՝ զարմացած»,- գրում է թերթը, ցավակցելով զոհվածների ընտանիքներին։

«Հայկական ժամանակ» օրաթերթը հոկտեմբերի 28-ի համարում փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս է 5-6 զինված մարդկանց հաջողվել մուտք գործել ազգային ժողովի դահլիճ։ Իսկ «Սև չորեքշաբթի» կոչվող դիտարկման մեջ ասվում է, որ այդ օրը պատահական չէր ընտրված՝ Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թելբոթը, և իրավապահների ուշադրությունը հիմնականում այս այցի վրա էր լինելու։ Էջմիածնում տեղի էին ունենում կաթողիկոսական ընտրություններ, և նախընտրական լարված մթնոլորտը է՛լ ավելի մեծ ուշադրություն պիտի կենտրոնացներ Էջմիածնի կողմը։ Այդուամենայնիվ, ըստ թերթի, կատարվածը Վազգեն Սարգսյանի դեմ էր։

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Ժաննա Ալեքսանյանը՝ ներկայումս իրավապաշտպան, «Ահաբեկիչներն արդեն պաշտպաներ ունեն» հոդվածում գրում է․ «Որքան էլ տարօրինակ է, նրանց (ահաբեկիչների – խմբ․) պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների միությունից, այսինքն՝ նրանց պաշտպանությունը իրականացվում է պետության կողմից»։

«Հայաստանի Հանրապետություն»-ը («ՀՀ») զրուցում է քաղաքացիների հետ, խնդրում գնահատականներ տալ կատարվածին։ 6-րդ դասարանցի Արմանն ասում է․ «Ոնց որ իսկական բաևիկ լիներ։ Հրացան ունենայի, ես էլ դրանց կսպանեի, կլիներ հայկական բաևիկ»։

«Առավոտ» օրաթերթը հոկտեմբերի 28-ի համարի գլխավոր վերնագիրն է «Գաղափարական մարդասպանը»:

Հոկտեմբերի 27-ի դեպքերին հաջորդող համարներում, պայմանավորված իրադարձությունների զարգացման շշմեցնող արագությամբ, մամուլը հարուստ էր  վարկածներով: Միգուցե անսովոր է, սակայն այդ օրերին դեռ սուր չէր տպագիր մամուլին հատուկ քննադատությունը: Դա, ըստ երևույթին, նույնպես պայմանավորված էր ստեղծված  բարդ իրավիճակով:

Գագիկ Աղբալյան
«Երկիր»-ի առաջին էջի լուսանկարը՝ Թագուհի Մելքոնյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հոկտեմբերի 27-ի հաջորդ օրվա թերթերի էջերը”
  1. Լրագրող says:

    Լավ հոդված էր
    Շնորհակալ եմ։ Շատ ուրախ կլինեմ նման ինֆորմացիոն հոդվածներ կարդալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *